Հանրագիտարան

Մովսես Խորենացի

Մովսես Խորենացին ծնվել է 5-րդ դարի սկզբին՝ մոտ 410թ.-ին, Տարոն գավառի Խորնի կամ Խորոն գյուղում: 15-16 տարեկան հասակում, նրան ուղարկում են Վաղարշապատ, որտեղ էլ նա աշակերտել է Մեսրոպ Մաշտոցին և Սահակ Պարթևին: Հայերենից բացի նա տիրապետում էր նաև հունարենին և ասորերենին:
431 թ.ին ուսուցիչները նրան այլ աշակերտների հետ ուղարկել են Եգիպտոսի Ալեքսանդրիա քաղաք՝ «իսկական ճեմարանում կատարելագործվելու»։ Այստեղ նա սովորել է օտար լեզուներ, հատկապես հունարեն, յուրացրել է փիլիսոփայություն, քերթողական արվեստ, երաժշտություն, ճարտասանություն, աստվածաբանություն, պատմություն։ Այստեղ մոտ 5- 6 տարի ուսանելուց հետո Խորենացին  իր ընկերների հետ ճանապարհվում է դեպի Հունաստան։ Սակայն ծովային սաստիկ քամիները նրանց նավը քշում են դեպի Իտալիայի ափերը։ Հռոմի սրբավայրերը այցելելուց հետո նրանք մեկնում են Աթենք: Աթենքում ձմեռն անցկացնելոց հետո նրանք գարնանը վերադառնում են Հայաստան: Սակայն ցավոք Խորենացին հայ երիտասարդների հետ տեղ է հասնում Սահակ Պարթևի և Մեսրոպ Մաշտոցի մահվանից՝ 440 թ.- ի փետրվարից հետո։ Այս առիթով Խորենացին անկեղծ ու խոր հուզմունքով է արտահայտում իր ապրումները. «Նույնիսկ չհասա տեսնելու նրանց աչքերի փակվելը, լսելու նրանց վերջին խոսքն ու օրհնությունը»։
 
Խորենացին զբաղվել է գրական աշխատանքով, աչք փակելով իր հանդեպ եղած անտարբերությանն ու հալածանքներին: նա թարգմանություններ է կատարել, գրել ինքնուրույն երկեր: Մովսես Խորենացին լինելով հայ միջնադարյան պատմագրության Պատմահայրը, գրել է Պատմություն հայոց աշխատությունը, որը միջնադարում եղել է ազգային ինքնաճանաչման, քաղաքական- հայրենասիրական դաստիարակության ուսումնական ձեռնարկ: Հայ սերունդները մեծարել նրան «Պատմահայր», «Մեծն Մովսես», «Քերթողահայր»,«Տիեզերահռչակյալ» և այլ պատվանուններով։ Այս աշխատության մեջ կան նաև որոշ կեսագրական տեղեկություններ Խորենցու կյանքից, որոնք լրացվում են որոշակի հիշատակություններով ու ավանդույթներով: Այդ ավանդույթները, որոնք ամենայն հավանականությամբ հիմված են պատմական հիմքերի վրա Խորենացուն համարում են նաև նշանավոր երգիչ, երաժիշտ, բանաստեղծ: Այս տեսանկյունից հատկապես աչքի է ընկում  «Յաղագս սրբոց վարդապետացն հայոց Մովսէսի և Դաւթի» գրվածքի մի պերճախոս հատվածը: Ինչպես հայտնի է Հայաստան վերադառնալուց հետո պատմահայրը վարում է զրկանքներով լի կյանք, ինչպես նաև նա հնարավոր ամեն ինչ անում է իր ինքնությունը թաքցնելու համար, նրան շատ անգամներ փնտրում է Գյուտ Արահեզացի կաթողիկոսը, սակայն ապարդյուն, նա նրան չի գտնում: Բայց մի անգամ անգամ Խորենացին պատահաբար մասնակից է լինում ի պատիվ կաթողիկոսի կազմակերպված հանդեսին, ներկաները խնդրում են նրան մի բան երգել հայրապետի համար, և ծերունի պատմիչը ապշեցնում է բոլորին իր գեղեցիկ ձայնով, կատարման արվեստով ու ստեղծագործությամբ, երգելով «Ո՜վ արքայակերպ, տէր քահանայապետ» մեղեդին։ Վարկած կա, որ իր կյանքի մայրամւտին Խորենացին ստացել է Եպիսկոպոսական աստիճան: Մեզ հասած տեղեկությունների համաձայն նա մահացել է 490- ական թվականների սկզբին հիվանդության ու աղքատության մեջ:
1993 թ-ին սահմանվել է ՀՀ «Մովսես Խորենացի» մեդալ:
 
Մովսես Խորենացու անունով Երևանում և ՀՀ այլ քաղաքներում կոչվել են փողոցներ, բուհ, կանգնեցվել են նրա հուշարձանները: Գրչագիր գանձարաններում «Մովսես քերթող»-ի անունով պահպանված է երկու տաղ. մեկը նվիրված Տրդատ թագավորին, մյուսը՝ Գրիգոր Լուսավորչին։ Իսկ շարականների հեղինակների միջնադարյան ցուցակներում Խորենացուն հատկացվում են բազմաթիվ ստեղծագործություններ։ 
 
Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: